Բրիտանական ֆիլմերի փառատոն

Փետրվարի 18-ից 24-ը Բրիտանական խորհուրդը` Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ կազմակերպում է Բրիտանական ֆիլմերի հոբելյանական 15-րդ փառատոնը: Փառատոնի բացումը տեղի կունենա փետրվարի 18-ին ժամը 16.30-ին Մոսկվա կինոթատրոնում «Ես` Դենիել Բլեյք» ֆիլմով:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում ցուցադրվելու է յոթ բրիտանական ֆիլմ: Մայրաքաղաքում ֆիլմերը կցուցադրվեն Մոսկվա կինոթատրոնում`օրական չորս անգամ` 17:00-ին, 19:00-ին Կարմիր դահլիճում անգլերեն և 18:00-ին, 20:00-ին Կապույտ դահլիճում թարգմանված: Մուտքը բոլոր ֆիլմերի համար ազատ է:

Բրիտանական ֆիլմերի փառատոնը ներկայացնում է բրիտանական ժամանակակից կինոարվեստի լավագույն և տպավորիչ աշխատանքները:  Մենք առաջարկում ենք տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից և հոգեբանական թրիլլերից մինչև փաստագրական դրամա, որի հիմքում ընկած են տարբեր բովանդակություններ` ընտանեկան հարաբերություններ, սոցիալական խնդիրներ և, իհարկե, սեր: Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն ֆիլմեր` նվիրված մարդու իրավունքների թեմային:

Փառատոնը հնարավորություն է տալիս բրիտանական ֆիլմերը հասանելի դարձնել հանրությանը` այսպիսով նրանց ներկայացնելով ժամանակակից Մեծ Բրիտանիան: 

Փառատոնի ընթացքում ցուցադրվող ֆիլմերը պատմություններ են Մեծ Բրիտանիայի հասարակության մասին, քաղաքացիների առօրյայի, նրանց հույզերի և մտորումների մասին:

Փառատոների կազմակերպումը մեր գործունեության առանցքային ուղղություններից է: Մեր նպատակն է դիտողին ներկայացնել Միացյալ Թագավորությունը, երկրի անցյալն ու ներկան, մշակույթը, ապրելակերպն ու ավանդույթները, ինչպես նաև ֆիլմերի միջոցով խրախուսել անգլերեն լեզվի իմացությունն ու ստեղծագործական ձիրքը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի բացման արարողությանը և «Ես` Դենիել Բլեյք» ֆիլմի 17.00-ի ցուցադրությանը մասնակցելու համար հարկավոր էր նախապես գրանցվել: Ցանկանում ենք տեղեկացնել, որ գրանցումն ավարտվել է դահլիճի տեղերը լրանալու պատճառով: Խնդրում ենք հաշվի առնել, որ նույն ֆիլմը կցուցադրվի նաև 19:00-ին Կարմիր դահլիճում անգլերեն և 18:00-ին, 20:00-ին` Կապույտ դահլիճում թարգմանված: