Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի հաջողությունից և հաշմանդամություն ունեցողներին պարի ու թատրոնի միջոցով վստահություն ներշնչելու և իրենց ներուժի դրսևորումը խրախուսելու փորձից ոգեշնչված` Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը 2013 թվականին նախաձեռնեց «Պար` առանց սահմանների» ծրագիրը: Ծրագրին աջակցում են Երևանում Բրիտանական դեսպանատունը, ՀՀ Մշակույթի նախարարությունը, Սուրբ Սարգիս բարեգործական հիմնադրամը  և ՄԹ-ում հայկական սփյուռքը: Ծրագրի գործընկերն է Գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր» թատրոնը:

Նախագծի նպատակն է Հայաստանում հիմնել առաջին ներառական, թատերական և պարային խումբը` բաղկացած հաշմանդամություն ունեցող և չունեցող արվեստագետներից: Ներառական, թատերական և պարային խմբի նպատակն է լինելու`

  • կազմակերպել հանրային ներկայացումներ և սեմինարներ/դասընթացներ; 
  • գործել որպես ուղղորդող մարմին, որը խորհրդատվություն կտրամադրի հանրային մարմիններին և կառույցներին նախագծերին միանալու, ներգրավվելու վերաբերյալ;
  • ունենալ ակադեմիական/ուսումնական անձնակազմ, որը ներառական փորձառությունը հասանելի կդարձնի ուսումնական հաստատություններին;
  • դառնալ  ձեռնարկատիրական  և որոշ ժամանակ անց ինքնաֆինանսավորվող: 

Ծրագրի շրջանակում իրականացված միջոցառումները

  • 2013 թվականի հոկտեմբերից նոյեմբեր չորս հայ պարուսույց վերպատրաստման դասընթաց են անցել Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբում:
  • 2014 թվականի փետրվարից ապրիլ Հայաստանում անցկացվել են եռօրյա պարային դասընթացների շարք: Դասընթացները վարում էին ՄԹ-ում վերապատրաստում անցած հայ մասնագետները: Դասընթացներն անց էին կացվում «Այբ» ավագ դպրոցի  հետ համագործակցությամբ:
  • Պարային դասընթացներից հետո մրցութային հիմունքներով ընտրվել է 19 հոգուց բաղկացած խումբ, որը 2014 թվականի մայիսին Երևանում մասնակցել է «Կանդուկո» ներառական պարային խմբի գեղարվեստական համաղեկավար Պեդրո Մաչադոնի և պարուսույց Վիկտորիա Մալինի դասընթացին:  Այս դասընթացի մասնակիցներից կազմվել է պարային ներառական խումբ, որը սկսեց գործել «Փոքր» թատրոնին կից:
  • 2014 թվականի սեպտմբերից հոկտեմբեր Հայաստանում էր «Կանդուկո» ներառական պարային խմբի պարուսույց Վիկտորիա Մալին, ով դասընթացներ անցկացրեց Փոքր թատրոնին կից գործող պարային խմբի անդամների համար: 
  • 2014 թվականի հոկտեմբերին ՀայՖեստ փառատոնի շրջանակում տեղի ունեցավ պարախմբի առաջին` «Մի լքիր ինձ» պարային բեմադրության պրեմիերան: 
  • 2015 թվականի հունիսին Հայաստան էին այցելել Միացյալ Թագավորության «Կանդուկո» ներառական պարային խմբի գեղարվեստական ղեկավար Սթինա Նիլսենը և դերասան Ջեմայմա Հոադլին: Նրանք աջակցել են նոր, ներառական, պարային ներկայացման բեմադրությանը: Ներկայացման բեմադրող ռեժսիորն է Ջեմայմա Հոադլին, գեղարվեստական խորհրդականն է  Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: 
  • 2015 թվականի սեպտեմբերին տեղի ունեցավ «Կարոտահար» ներառական ներկայացման պրեմիերան: «Կարոտահար» ներառական ներկայացման բեմադրող ռեժիսորն է Ջեմայմա Հոադլին: Ներկայացման գեղարվեստական խորհրդականն է Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, Սթինա Նելսենը և Սեթա Ուայթը, փորձավարը` Թենի Մաթյանը: Ներկայացման երաժշտությունը գրել է Վարդան Հարությունյանը: Դիտեք ներկայացումն այստեղ
  •  2016 թվականի սեպտեմբերի 15-ից 16-ը  «Կարոտահար» ներառական ներկայացմամբ թատերախումբը մասնակցեց Շոտլանդիայի Գլազգոու քաղաքում անցկացվող Tramway's Unlimited փառատոնին: