ԳԱԿ Փոքր Թատրոնի արտիստ Մանուկ Սաղաթելյանը պատմում է, թե ինչպես Բրիտանական խորհրդի «Պար` առանց սահմանների» նախագիծը հնարավորություն տվեց իրացնել իր ներուժն ու դառնալ պրոֆեսիոնալ պարող:
Ես Մանուկն եմ
Ես պարող դերասան եմ, ով մինչև 19 տարեկան դառնալն անգամ իր ծննդյան տոներին չէր պարել։ Հիմա ինձ ծափ են տալիս, հուզվում են, հասկանում են՝ ինչ եմ ուզում ասել պարով։ Սա մի աննկարագրելի պատմություն է, որի մեջ հայտնվել եմ պատահական։
Ես կարող եմ
Միշտ հիշում եմ ինձ ամաչելիս, անվստահ, մտածել՝ չեմ կարող։ Հիմա ես բարձրանում եմ բեմ, վայելում եմ ամեն պահը, պարի միջոցով պատմում եմ պատմություններ, փոխանցում հույզեր ու զգացմունքներ ու այն հասնում է հանդիսատեսին։ Երբ ինձ առաջին անգամ առաջարկեցին բարձրանալ բեմ, որ փորձենք պարերը, ապշեցի, ասացի, որ ուզում եմ տուն գնալ։ Ինձ մոտեցավ խորեոգրաֆը, բռնեց ձեռքս, ասաց, որ ես պիտի լինեմ իր զույգը։ Չգիտեմ, ինչպես, ասես մի ուժ հրեր. ուղղակի գնացի նրա հետևից։ Սկսեցինք պարել։ Այդպես էլ բարձրացա բեմ առաջին անգամ, ու կյանքս փոխվեց։ Դա 5 տարի առաջ էր, հիմա արդեն խաղացել եմ 5 տարբեր ներառական բեմադրություններում՝ «Մի լքիր ինձ», «Շեքսպիր», «Ուրիշ պարեր», «Կարոտահար», «Արգոնավորդներ»։ Դրանք ներկայացվել են հարյուրից ավել անգամ Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Միացյալ Թագավորությունում, Ուկրաինայում՝ հազարավոր հանդիսատեսի առջև։ Ամենահուզիչը «Մի լքիր ինձն» էր, դե առաջին անգամ էի բարձրացել բեմ... Մեկ էլ շատ հուզվել եմ «Արգոնավորդները» խաղալիս, որովհետև առաջին անգամ բեմից պիտի նաև խոսեի. նախորդներում ձայնագրվել ենք, աուդիոներն են օգտագործել բեմադրության մեջ, մի պահ թվում էր, թե չեմ կարողանա, բայց քեզ նայող աչքերը ուժերդ կրկնապատկում են...
Ես մեղավոր չեմ
Ես մեղավոր չեմ, որ այսպես եմ ծնվել։ Ու քանի որ մեղավոր չեմ, չպետք է ստիպված լինեմ համակերպվելու սահմանափակ հնարավորություններով ապրելուն։ Ես ամեն ինչ կարող եմ։ Դա միֆ է, որ հաշմանդամություն ունեցող մարդը պիտի նստի տանը, էս չանի, էն չանի։ Եթե ընդունես այդ սահմանափակումները, նստես տանը, այդպես էլ չես իմանա, թե ինչի ես ընդունակ և կարող։ Պետք է ուղղակի լինեն մարդիկ կողքիդ, որ սովորեցնեն քեզ հավատալ ուժերիդ։ Դե մայրիկս, ընտանիքս, բնականաբար, բայց բացի նրանցից իմ կյանքում էլի կան մարդիկ, որ թև են տվել. օրինակ, ընկեր Վահանը. նա ոչ միայն դերասանություն է ինձ սովորեցրել, այլ ապրել ու աշխարհն այլ կերպ ընկալել։
Ինձ մի կարեկցեք
Ես կարեկցանքի կարիք չունեմ։ Մոռացե՛ք այդ մասին, դա միֆ է։ Հաշմանդամություն ունեցողին պետք չէ խղճալ, դա շատ սխալ է։ Նայեք ինձ. ես պարող դերասան եմ ու իմ խաղը մարդիկ հավանում են. ի՞նչ սահմանափակ հնարավորություններ։ Մենք ամեն ինչ էլ կարող ենք անել, ուղակի մի քիչ այլ կերպ, գուցե նույնիսկ ավելի հետաքրքիր մատուցմամբ։ Բացի այդ, մենք էլ կարող ենք այնպիսի բան անել, որ հաշմանդամություն չունեցողը չի կարող։
Ամեն մարդ էլ օգնության կարիք ունի, ճիշտ է նաև սրա հակառակը՝ ամեն մարդ օգնելու կարիք ունի։
Ես մենակ չեմ
Ճիշտ չէ, թե մենակ ենք, և որ ամեն մարդ իր գլխի տերն է։ Եթե դու ինչ-որ առումով ավելի ուժեղ ու կայացած ես, պիտի օգնես ուրիշին։ Հարուստ բիզնեսմեն ես, պիտի օգնես սկսնակին, դժվարություն ունեցողին։ Եթե լավ պարող ես, պիտի հենարան լինես զույգիդ համար, բացատրես նրբությունները, եթե անգամ դա դժվար է քեզ համար, կամ մրցակցություն է առաջացնելու։ Հաջողության հասնելու համար միշտ պետք է շարժվել, առաջ գնալ։ Ես օրինակ, եթե վախենայի, չբարձրանայի բեմ, հրաժարվեի Բրիտանական խորհրդի ծրագրի մասնակից լինելուց, հիմա աշխարհի տարբեր ծայրերում ընկերներ չէի ունենա տարբեր ազգությունների ու կդավանանքի, չէի ճամփորդի։
Ես չեմ նեղանում
Ես չեմ նեղանում մարդկանցից, որ գուցե անտեղյակությունից, գուցե չարությունից սխալ են արտահայտվում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց մասին։ Եբ կարիքը չունեմ չարությանը չարությամբ պատասխանելու։ Համացանցում հանդիպած գրառումները, մեկնաբանությունները երբեմն հիասթափեցնում են, բայց չեմ նեղանում, չարությամբ չեմ պատասխանում։ Չեմ նեղանա նաև այն վարորդներից, որ տեսնելով հենաշարժողական խնդրով մարդ է մոտենում, քշեն, գնան. էնպես չի, որ չի խոցում, ուղղակի հասկանում եմ, որ ժամանակ է պետք ներառական հասարակություն դառնալու համար։ Համբերել է պետք։ Բայց անձամբ ես գրեթե չեմ բախվել վատ վերաբերմունքի։
Ես երազում եմ
Ես երազում եմ Փարիզի մասին։ Ֆրանսերեն չգիտեմ, բայց ուզում եմ իմ ապագա սիրած աղջկան այդ քաղաքում ասել je t’aime ։ Երազանքներն իրականանում են, եթե շատ ես ուզում...գուցե մի օր սա էլ իրականություն լինի, ինչպես բոլոր այն երազանքները, որոնք իրականացել են իմ կյանքում: