անի իսկանդարյան

«Նորաձևության ճանապարհ՝ երկխոսություն սահմանների խաչմերուկում» ծրագրի շրջանակում հինգ հայ և հինգ եվրոպացի դիզայներ ստեղծեցին հավաքածու՝ ներկայացնելով տարբեր երկրների մշակույթների իրենց ընկալումը: 

Անի Իսկանդարյանը ծրագրին մասնակից մոդելավորողներից է: 

Ծրագրի շրջանակում Անիի գործընկերը դանիացի մոդելավորող էր: Անին այցելել է Դանիա և մինչ ստեղծագործական աշխատանքներին անցնելը ծանոթացել այդ երկրի մշակույթին: 

«Այցիս ընթացքում ծանոթացա մշակույթին ոչ միայն թանգարաններ հաճախելով, այլ նաև շփվելով դանիացի ընկերներիս և դանիական ընտանիքների հետ։ Կարծում եմ` դա նույնպես կարևոր դեր է խաղում մշակույթն ըմբռնելու և հասկանալու համար»,- ասում է Անին։ 

Անին ասում է, որ ծրագիրն իր ստեղծագործական կյանքում նոր փուլի սկիզբ դարձավ: 

«Ծրագրի ավարտից մոտ մեկ տարի անց ընդունվեցի Դանիայի Կոլդինգ քաղաքում գտնվող դիզայնի համալսարանը, որը 2015թ.-ին հաջողությամբ ավարտեցի և ստացա արվեստի բնագավառում մագիստրոսի կոչում»,-պատմում է Անին։ 

Նա այժմ աշխատում է Դանիայում, համագործակցում է տեղի թատրոններից մեկի հետ: 

«Մեծ ցանկություն ունեմ ոչ շատ հեռու ապագայում իմ անձնական ապրանքանիշն ունենալ»,- ասում է նա: