«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագիրը կարճաժամկետ նախագիծ է, որի նպատակն է կոդավորման արտաժամյա դասընթացների միջոցով զարգացնել ավագ դպրոցների աշակերտների թվային և այլ առանցքային հմտությունները՝ ներառյալ քննադատական և վերլուծական մտածողությունը, ստեղծարարությունը և համագործակցային աշխատանքը: Այս նախաձեռնությունն աշակերտներին կզինի համապատասխան հմտություններով հետագայում կրթական և աշխատանքային ուղին հարթելու համար: 

Ծրագիրը նախագծվել և իրականացվում է Բրիտանական խորհրդի կողմից՝ ՎԵՈՆ Արմենիա (Beeline) ֆինանսական աջակցությամբ: Ծրագիրն իրականացվում է նաև ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:     

Ծրագրի մանրամասները

«Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան» ծրագրի շրջանակում երևանյան երեք ավագ դպրոցում կներդրվեն Micro:bit  ծրագրավորելի միկրո-սարքավորումները, որոնք կրթական գործընթացը կդարձնեն առավել ինտերակտիվ, հետաքրքիր և արդյունավետ: Սարքավորումների հետ կտրամադրվեն նաև դասավանդման և ուսումնառության համապատասխան ռեսուրսներ:

Պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ավագ դպրոցներից 300 աշակերտ հնարավորություն կստանա մասնակցել կոդավորման արտալսարանային ներածական դասընթացների, իսկ շահառու դպրոցների ՏՀՏ ուսուցիչներին մինչ դասընթացների մեկնարկը կառաջարկվի micro:bit գործիքակազմի օգտագործման վերապատրաստումներ: 

Նախագծի ավարտին շրջանավարտների համար կկազմակերպվեն ինչպես ներդպրոցական, այնպես էլ միջդպրոցական մրցումներ` «Կոդավորման մարտահրավերներ» (Coding Challenge), որոնք հնարավորություն կընձեռեն նրանց ցուցադրել ձեռք բերած հմտություններն ու գիտելիքները: 

Նախագծի գործողության ժամկետն է 2020 թ-ի հունվարից մինչև մայիս: