Փառատոնի ծրագիր

Միջոցառումներ

Փառատոնի հոլովակ

Հատուկ հյուր 

Բրիտանական ֆիլմերի փառատոնը վերադառնում է Հայաստան տասնվեցերորդ անգամ՝ ներկայացնելու Միացյալ Թագավորության կինոարտադրության նորույթները:

Փառատոնը Բրիտանական խորհրդի ամենաճանաչված ամենամյա միջոցառումներից մեկն է, որի միջոցով հայ հանդիսատեսին ցանկանում ենք ներկայացնել Միացյալ Թագավորության մշակույթն ու կենսակերպը, արժեքները, ֆիլմարտադրության վերջին զարգացումները, ինչպես նաև բարձրացնել ժամանակակից Բրիտանիայում քննարկվող սոցիալական և մշակութային հարցերը:  

Փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ ռեժիսորների աշխատանքները, որոնք ներառում են տարբեր ժանրերի ստեղծագործություններ` կատակերգությունից մինչև վավերագրություն և դրամա: 

Փառատոնի բացման արարողությունը տեղի կունենա փետրվարի 15-ին, ժամը 16.30-ին «Մոսկվա» կինոթատրոնում «Հուշանվերը» ֆիլմի ցուցադրությամբ: Ջոանա Հոգի հեղինակած այս վերջին աշխատանքը նախորդ տարի «Սանդանս» կինոփառատոնում արժանացավ ժյուրիի կողմից լավագույն միջազգային ֆիլմ մրցանակին: Ցուցադրությունները այնուհետև կշարունակվեն մինչև փետրվարի 21-ը՝ բնօրինակով, հայերեն և ռուսերեն ենթագրերով: 

Բոլոր ցուցադրությունների մուտքն ազատ է հանդիսատեսի համար: 

Այս տարի փառատոնի հատուկ հյուրն է ՄԹ կինոքննադատ և գրող Իեն Հեյդն Սմիթը: Կրթական և մշակութային կենտրոնների հետ համագործակցությամբ փորձագետը ՄԹ կինոարտադրության ժամանակակից միտումները թեմայով քննարկումներ կանցկացնի ուսանողների հետ: 

 Փառատոնի ծրագրի, հարակից միջոցառումների և այլ մանրամասների համար կարող եք այցելել առանձին բաժիններ: 

Փառատոնի ծրագիր I  Միջոցառումներ  I  Փառատոնի հոլովակ  I  Հատուկ հյուր 

Այցելություններից առաջ խորհուրդ ենք տալիս ծանոթանալ ցուցադրությունների տարիքային սահմանափակման մասին տեղեկատվությանը և դիտել թրեյլերները: 

Բրիտանական ֆիլմերի փառատոնի դահլիճները մատչելի են սայլակ օգտագործող անձանց համար: