2018 թվականի սեպտեմբերի 15-ին Երևանի Փոքր թատրոնում տեղի ունեցավ «Պար` առանց սահմանների» ներառական խմբի նոր բեմադրության առաջնախաղը: Միջազգային շրջագայությունից հետո խումբը երևանյան հանդիսատեսին ներկայացրեց «LaVieEnRose/ՈւրիշՊարեր» ներկայացումը, որում հաշմանդամություն ունեցող և չունեցող անդամները պարի միջոցով ներկայացնում էին մերօրյա իրականության իրենց ընկալումներն ու ապրումները։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Հայաստանում ՄԹ դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զարուհի Բաթոյանը, արվեստի ու մշակույթի գործիչներ։

Բեմադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանն ու Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը, ովքեր ներկայացրեցին խմբի ստեղծման նախապատմությունն ու անցած ճանապարհը։ Իր ելույթում Արևիկ Սարիբեկյանն առանձնահատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետի տիկնոջը հրավերն ընդունելու և ներառական արվեստի զարգացման նախաձեռնությունների նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար։

Նույն թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին պարային խումբը ելույթներով հանդես եկավ Հայաստանի հինգ մարզերում, ներկայացումը ցուցադրելով հեռավոր շրջաններում բնակվող  հանդիսատեսի համար։ 

2019 թ-ի փետրվարին Բրիտանական խորհրդի նախաձեռնությամբ Փոքր թատրոնում նկարահանումներ իրականցրեց «ԲիԲիՍի» հեռուստառադիոընկերության համաշխարհային ծառայության թիմը, որոնք տեսահոլովակի և հարցազրույցի տեսքով հեռարձակվեցին հեռուստառադիոընկերության հարթակներով։ Ռեպորտաժները մեծ դիտողականություն ապահովեցին և գնահատանքի արժանացան համաշխարհային լսարանի կողմից։ Թողարկումներին կարող եք ծանոթանալ ստորև հղումներով։ 

Այլ լինքեր